Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր` հունիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ տեղյակ չէ Xter.net-ի խնդրին: Հիշեցնենք, որ մոտ 400 բաժանորդ ունեցող այդ ընկերությունը միակողմանի, առանց տեղյակ պահելու բաժանորդներին, դադարեցրել է գործունեությունը եւ բառի բուն իմաստով անհետացել: Ըստ Ռ. Նազարյանի` իրենք դաշտը լիարժեք սկսել են կարգավորել 2007 թվականից, սակայն օրենսդրական դաշտի կատարելագործման առումով դեռեւս շատ անելիքներ կան: Ռ. Նազարյանը խորհուրդ տվեց տուժած բածանորդներին հարցը լուծել քաղաքացիա-իրավական հարաբերությունների դաշտում, այսինքն` դիմել դատարան:
Սակայն տուժած, տվյալ դեպքում կարելի է ասել նաեւ` խաբված բաժանորդների մեծ մասը դատարանի հետ առանձնապես մեծ հույսեր չի կապում, քանի որ այն պարզապես ավելորդ քաշքշուկ կստեղծի: Այսպես` Գյումրիի լրագրողական «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նախօրեին NEWS.am-ի հարցմանը պատասխանել էր, որ դատարանը առավելագույնը Xter.net-ին սնանկ կճանաչի, իսկ վնասների փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող:
Ի դեպ` NEWS.am-ի թղթակիցը պարզաբանման նպատակով դիմեց նաեւ ասուլիսին ներկա Ռոբերտ Բեռնսթենին, որը ԱՄՆ Այովա նահանգի Հանրային ծառայությունների խորհրդի նախագահն է: Բեռնսթենն ասաց, որ նման մտահոգություններ ունեն նաեւ ԱՄՆ-ում, որտեղ նույնպես հաճախորդները երաշխավորված չեն պրովայդերների կողմից անակնկալ կերպով ծառայությունների մատակարարման դադարեցումից կամ սահմանափակումից: «Մինչեւ հիմա այդ հարցի կատարյալ պատասխան չենք գտել»,- ասաց ամերիկացի պաշտոնյան:


























