Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջարկում է, որպեսզի Ֆրանսիան ընդունի Իրաքում եւ Սիրիայում վտանգված փոքրամասնություններին, եւ նրանց բնակեցնի երկրի գյուղերում, որոնք կարող են վերածնվել: Այս մասին նա գրել է ֆրանսիական «Le Figaro» թերթում հրապարակված իր հոդվածում:
«Դավանանքների պատերազմում, որն այս պահին կլանել է Իրաքն ու Սիրիան, կարեւոր է, իհարկե, մտածել արեւելյան քրիստոնյաների, քրդերի, եզդիների եւ մյուսների մասին: Սակայն ցուցակում հարկավոր է հիշել նաեւ այն համայնքի մասին, որը հարազատ է ինձ՝ հայերի մասին: Ինձ մտահոգում են ամեն օր այնտեղ ծավալվող ողբերգությունները: Մի՞թե մեր պարտքը չէ բարոյապես եւ գործնականում օգնել այդ մարդկանց եւ հնարավորինս շուտ»,- նշել է Ազնավուրը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում այդ քրիստոնյաները, քրդերը, եզդիները, մահմեդականներն ու հայերը, ինչպես եւ շատ ուրիշները, պետք է հնարավորինս շուտ լքեն իրենց երկիրը: «Այո, բայց ո՞ւր գնալ: Եվ ինչո՞ւ ոչ Ֆրանսիա: Իմ վերջին ճամփորդությունները Ֆրանսիայում թույլ են տվել հիանալի գյուղեր տեսնել, որոնք լքված են: Կան դպրոցներ, փոստեր, սակայն, հնարավոր է, վերջին տարիների ընթացքում ոչ ոք այնտեղ չի եղել»,- գրել է շանսոնյեն:
«Քանի որ նրանք, ովքեր պետք է այնտեղ ապրեին, հեռացել են, ինչո՞ւ չփոխարինել նրանցով, ովքեր դրա կարիքն ունեն: Ինչո՞ւ այդ «ուրվական գյուղերը» չվստահել քրիստոնյաներին, քրդերին, եզդիներին, հայերին: Նրանք պարտավորություն կունենային վերականգնել դրանք, վերածնել, հողերը դարձյալ մշակել: Նրանք կարող էին ապրել խաղաղության մեջ: Կարող եմ պատասխանել, մասնավորապես, իմ հայրենակիցների փոխարեն: Ես գիտեմ, որ նրանք շատ աշխատասեր են»,- ընդգծել է Շառլ Ազնավուրը:




























