Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օգոստոսի 16-ին կկայանա հայկական գորգերի (կարպետների) փառատոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փառատոնի կազմակերպիչ եւ հեղինակ «Media Onix» ընկերության տնօրեն Մարիամ Մինասյանը:
Նրա խոսքով՝ փառատոնը համահայկական է լինելու. դրան կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի, Սփյուռքի եւ այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ոչ միայն գորգեր, այլեւ ձեռագործ դեկորատիվ աշխատանքներ են արտադրում: «Փառատոնի թեմայի հետ կապված շոու-ծրագիր կլինի, ազգային խոհանոց եւ ձեռագործ դեկորատիվ աշխատանքների վաճառք»,- նշեց Մինասյանը: Նրա խոսքով, փառատոնին կներկայացվեն նաեւ կարպետներ Լեռնային Ղարաբաղի Գորգագործության թանգարանից, որոնք հազարամյա պատմություն ունեն:
«Տեղի կունենա նաեւ մրցանակաբաշխություն: Անցյալ տարի մրցանակի արժանացան «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը, «Թուֆենկյան» ընկերության սեփականատեր Ջեյմս Թուֆենկյանը: Այս տարի Հայաստանի պաշտպանության նախարարի եւ Տավուշի մարզի մարզպետի հետ քննարկումներից հետո որոշվել է, որ ամենամյա նման խոշոր միջոցառումների ընթացքում առաջին մրցանակներից մեկը կշնորհվի մեր սահմանապահ Զինված ուժերի ներկայացուցիչներից մեկին, քանի որ նրանց շնորհիվ մենք այսօր կարող ենք կազմակերպել այս փառատոնը,- ընդգծեց «Media Onix» ընկերության տնօրենը:- Սեյրան Օհանյանին դուր եկավ այս գաղափարը, եւ նա առաջարկեց Պաշտպանության նախարարության 3-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի թեկնածությունը: Մենք առաջին հերթին Գորգագործության փառատոնի արձանիկ ու շնորհակալագիր կշնորհենք նրան, այնուհետեւ՝ մյուս 6 մրցանակակիրներին, որոնց թվում են Արցախի Գորգարվեստի թանգարանը եւ «Մեգերյան» գորգարվեստի թանգարանը»,- նշեց Մարիամ Մինասյանը:
Այս տարի, նույնպես նրա առաջարկությամբ, Տավուշի մարզպետը որոշում է ընդունել, որպեսզի ամեն տարի օգոստոսի 16-ին 7 կաթսաներում ազգային ուտեստ պատրաստվի՝ «Հագանի», որն անվանում են նաեւ «Արցախի հագանի»: «Դա շատ համեղ ուտեստ է՝ հավի մսով, որը եփում են հոնի եւ ընկույզի հյութի մեջ»,- հավելեց Մինասյանը:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին նույնպես պետք է մասնակցի փառատոնին: Միաժամանակ նա անհանգստություն հայտնեց, որ այս պահի դրությամբ Գյումրիի քաղաքապետարանը դեռ ավտոբուս չի տրամադրել»։
Մարիամ Մինասյանը նաեւ նշեց, որ հայկական գորգերի փառատոնը մասամբ հովանավորվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ «USAID/EDMC» ծրագրի կողմից:




























