Պանամայի ջրանցքը, որն ապահովում է Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ կապը, նշում է 100-ամյա հոբելյանը: Ջրային այդ ճանապարհով անցած նավերի ընդհանուր թվի մոտավոր գնահատականը գերազանցումմ է միլիոնը:

Ջրանցքի շինարարությունն սկսվել էր 1904 թ. եւ տեւել 10 տարի: Աշխատանքներին մասնակցել էր 50 հազար մարդ՝ 30 երկրներից: Արդյունքում, ջրանցքը բացվել էր 1914 թ. օգոստոսի 15-ին, իսկ դրանով անցած առաջին նավն այդ օրը եղել էր «Անկոն» շոգենավը: Սակայն ջրանցքի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 1920 թ. հունիսին: Երկար ժամանակ ջրային ճանապարհը եղել էր ԱՄՆ-ի վարձակալության եւ վերահսկողության ներքո, քանի դեռ 1999 թ. չէր անցել Պանամայի իրավասության տակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեր օրերում համաշխարհային առեւտրային բեռնափոխադրումների 4%-ը կատարվում է Պանամայի ջրանցքով: Նավերի 68%-ը ջրանցքով  մեկնում են դեպի ԱՄՆ նավահանգիստներ կամ դրանցից ժամանում:

2007 թ. սեպտեմբերից սկսվել է ջրանցքի վերանորոգումը: 2016 թ.՝ աշխատանքներն ավարտվելուն պես, այս ջրանցքի թողունակությունը կաճի երկու անգամ՝ տարեկան 300-600 միլիոն տոննա: