NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Stratfor» ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերության կայքում տպագրված հոդվածը, որի հեղինակներն են աշխարհաքաղաքական վերլուծաբան Ռոբերտ Կապլանն ու գլոբալ վերլուծության հարցերով փոխնախագահ Ռեւա Բհալին:

Մինչ Եվրոպան ու աշխարհի այլ հատվածներ ղեկավարվում են չհիշվող հաջորդականությամբ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը լի է բազմաթիվ հավակնություններով: Թերեւս խոշոր պետության միակ այլ առաջնորդը, որի շուրջ նման դինամիկ ուժային դաշտ է պտտվում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, ով Արեւմուտքին մեծ անհանգստություն է պատճառում:

Էրդողանն ու Պուտինը հավակնոտ են, քանի որ նրանք առանց զղջման նվաճում են աշխարհաքաղաքականությունը: Պուտինը գիտի, որ պատասխանատու ցանկացած ռուս առաջնորդ երաշխավորում է, որպեսզի Ռուսաստանը յուրատեսակ անվտանգության գոտիներ ունենա այնպիսի վայրերում, ինչպիսիք են Արեւելյան Եվրոպան ու Կովկասը: Էրդողանն իր հերթին գիտի, որ Թուրքիան պետք է Մերձավոր Արեւելքում ազդեցիկ տերություն դառնա, որպեսզի Եվրոպայում լծակներ ձեռք բերի: Էրդողանի խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիայի աշխարհագրությունն Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ նույնքան խոցելի հատվածներ ունի, որքան առավելություններ: Սա երբեմն ստիպում է Էրդողանին ավելի ջանքեր գործադրել: Սակայն նրա գործողություններում կա նաեւ պատմական ու աշխարհագրական տրամաբանություն:

Այս պատմությունը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Քանի որ Օսմանյան Թուրքիան պատերազմում պարտված կողմ էր, հաղթող դաշնակիցները 1920թ. Սեւրի պայմանագրով կիսեցին Թուրքիան ու նրա շրջակայքը՝ տարածքների մի մասն ու ազդեցության գոտիները տալով Հունաստանին, Հայաստանին, Իտալիային, Անգլիային եւ Ֆրանսիային:

Թուրքիայի պատասխանն այս ստորացումներին քեմալականությունն էր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի փիլիսոփայությունը, օսմանյան միակ անհաղթահարելի գեներալը, ով գլխավորեց զավթողական նոր իշխանությունների դեմ ռազմական ապստամբությունն ու այդ կերպ ինքնիշխան թուրքական պետություն ստեղծեց ամբողջ Անատոլիայի տարածքում: Քեմալականությունը զիջեց Օսմանյան ոչ անատոլիական հատվածները, սակայն փոխհատուցեց Անատոլիայում մոնոէթնիկ թուրքական պետության ստեղծմամբ: