Այսօր` օգոստոսի 18-ին Մեռելոց է (ննջեցյալների հիշատակության օր) եւ ոչ աշխատանքային օր: Հայաստանի կառավարության որոշմամբ` Հայ առաքելական եկեղեցու Տաղավար հինգ տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են համարվում: Աշխատանքային է լինելու առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ը:

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեք: Օրհնվել է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Տոնի հաջորդ օրը` Մեռելոցին եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: