«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը կարծում է, որ իր որդու եւ Նորայր Հայրապետյանի դեմ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, առաջադրված մեղադրանքը անհիմն է:

«Դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցույց չեն տվել, ո՞վ լիներ, որ լսեր իրան անմեղ տեղը 12 տարի դատապարտում են,  ու բան չասեր: Ինչ հարգալից վերաբերմունք էին ուզում տղաներից, եթե դատարանը չլսեց նրանց խոսքը ու հաշվի առավ մենակ, Տիգրան Եգորյանի ցուցումով, տուժողների տված ցուցմունքները»,- Այս մասին այսօր՝օգոստոսի 18-ին, NEWS.am-ի զրույցում ասաց դատապարտյալի մայրը՝ Նունե Մարգարյանը:

Նունե Մարգարյանի խոսքով՝ իր որդու դեմ նոր քրեական գործ է հարուցվել, քանի որ «ընկած են Հարսնաքարի գործով ամբաստանյալների հետեւից»:

«12 տարվա դեմ, ի՞նչ ա, որ էդ երկու ամիսը: Իրանք կռուպնի գողերին թողել են, ընգել «Հարսնաքարի» գործով վեց տղաների հետեւից: Էս վեցը տղու միսը վառին, կերան արդեն, ոսկորներն էլ կերան: Ուրիշ դատապարտյալներ, որ վեր են կենում դատարանում հայհոյում, վատ բաներ ասում, ինչի իրանց դեմ էլ գործ չեն հարուցում»,- հուզվելով ասաց տիկին Նունեն:

Նունե Մարգարյանը պատմեց, որ ինչ որդին կալանավայրում է, իր առողջական վիճակը օրեցօր վատանում է. «Արդեն իմ նյարդային համակարգը խանգարվել ա, էն ձեւ վրդովված եմ լինում, որ  էն օրը ուզում էի գնալ ինձ մոստից քցել, բայց իմ քույրիկն ինձ էդ քայլից հետ պահեց»:

Նշենք, որ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի եւ Նորայր Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ փաստաբաններին ուղղված հայհոյանքների համար:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով՝դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսեւորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձեցին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն դատարանն առաջին ատյանի որոշումն անփոփոխ թողեց։