Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում բողոքի ցույցերը ցրելու համար ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել: Բողոքի մասնակիցների հետ բախման արդյունքում երեխա է վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Vox տեղեկատվական պորտալին:
Քաղաքում պարեկային ժամ է հայտարարվել:
«Ոստիկանության դեմ Մոլոտովի «կոկտեյլ» է օգտագործվել: Տեղում գործում են ոստիկանության տակտիկական խմբեր: Խնդրում ենք, լքել անկարգությունների գոտին», - ասվում է Սենտ-Լուիս քաղաքի ոստիկանական վարչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեւամորթ անչափահաս Մայքլ Բրաունը սպանվել է օգոստոսի 10-ին, Ֆերգյուսոն քաղաքի (Միսուրի նահանգ) երթեւեկելի մասում: Ոստիկանների խոսքով՝ երիտասարդը մեքենայում ծագած վեճի արդյունքում մի քանի հրազենային վերք է ստացել: Սակայն ականատեսները վկայում են, որ Բրաունը զինված չի եղել եւ նրան սպանել են ձեռքերը վեր բարձրացնելու պահին:
Սպանությունից հետո, անցած շաբաթ բողոքի ցույցեր են կազմակերպվել ԱՄՆ-ի 90 քաղաքներում, ներառյալ՝ Վաշինթոնում: Ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, բացառությամբ Օքլենդ քաղաքի (Քալիֆորնիա նահանգ), որտեղ ոստիկանության հետ բախման եւ բռնության կիրառության դեպքեր են գրանցվել:




























