Աբդուլա Գյուլը կհավակնի Թուրքիայի վարչապետի պաշտոնին, օգոստոսի 18-ի մամուլի ասուլիսում տեսակետ է հայտնել Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա` հենց այդ մտադրությունն է թաքնված Գյուլի`իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության շարքերը վերադառնալու մասին հայտարարության հետեւում: Սակայն, նշել է փորձագետը, ըստ գործող օրենքների` Գյուլը դեռ չի կարող կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնել, եւ հավանաբար, մինչեւ 2015 թ. խորհրդարանական ընտրությունները վարչապետի պարտականությունները կկատարի ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքագետը կարծում է, որ եթե 2015 թ. Գյուլի քաղաքական սկզբունքները չբավարարվեն, ապա չի բացառվում, որ նա լքի իշխող կուսակցությունը  եւ նորը ձեւավորի, որին կհարեն Էրդողանի քաղաքականությունից դժգոհ ներքին ուժերը, որը կդառնա լուրջ սպառնալիք Արդարության եւ զարգացման կուսակցության միանձնյա իշխանության  համար: 

Հիշեցնենք,   օգոստոսի 11-ին Աբդուլա Գյուլը հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության շարքերը օգոստոսի 28-ից հետո, երբ ավարտվի իր լիազորությունների ժամկետը: