«Վերնիսաժի գործով» մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, կարծում է, որի իր վատառողջ որդուն օգոստոսի 13-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դուրս են գրվել և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որ ճնշում գործադրեն նրա վրա եւ ստիպեն կեղծ ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի զրույցում ասաց Լիա Հովհաննիսյանը:
«Գիտեմ, որ իրա վիճակը հեչ լավ չի, պրիստուպներ ունի, արդեն ամիս ու կես է՝ ոչ մի հետազոտություն չի անցել: Հաստ աղիքն էլ պարկի մեջ, դուրսը կախված է. դա ինֆեկցիայի բուն է, պարկը պետք է փոխի բժիշկը: Բայց հիմա չգիտենք՝ փոխում են, թե չէ, տեղեկություններ չունենք իրանից: Շատ անհանգիստ վիճակ է, մի բան հստակ գիտեմ, որ տարել են, որ ուժեղ ճնշում գործադրեն: Այս գործով մեղադրյալներից եւ ոչ մեկն էլ ցուցմունք չեն տվել դեռ, բայց տարբեր մարդկանց միջոցով կեղծ ցուցմունք են պահաջում, բայց Վալերին ցուցմունք չի տալու մինչեւ վերջ»,-պատմեց մեղադրյալի մայրը:
Վալերի Հովհաննիսյանի մորը մտահոգում է նաեւ իր որդու դիետիկ սննդի հարցը. «Իմ երեխեն դիետիկ է սնվում, ուրբաթ օրն ենք մենք հաց տարել իրան ու հիմա շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին հաց չենք կարող տանել: Որ դիետիկ սնվողը երեք օր չսնվի, ինչպե՞ս կլինի: Իմ երեխեն հրաշքով փրկվեց, հրաշքից հետո ասեցին՝ դե տես՝ ինչ հրաշք կտանք քեզ»:
Տիկին Լիայի խոսքով՝ երեք ամիս է իրենք հանգիստ չունեն, ապրում են դեղերով. «Մենք էլ դեղով ապրում ենք խելագար վիճակում, 3 ամիս է երեխուս հոգպես ցավ պատճառեցին, խոշտանգեցին: Մեռնեինք, որ Կարոն մեզի ռաստ չգար (նկատի ունի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանին-հեղ.)»:
Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե իր որդու նկատմամբ ճնշում են գործադրում, որպեսզի նա իր ցուցմունք ասի, որ ԲՀԿ-ական պատգամավորի փեսան՝ Գոռ Առաքելյանը, ինքնապաշտպանական նպատակով է կրակել։ Կարո Կարապետյանն այս մեղադրանքը հերքել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը:





























