ԱՄՆ Միսուրիի նահանգապետ Ջեյ Նիքսոնը դադարեցրել է Ֆերգյուսոն քաղաքում հայտարարված պարեկային ժամը, որտեղ շաբաթից ավելի է շարունակվում են անկարգությունները ոստիկանի կողմից սեւամորթ պատանու սպանությունից հետո:
Քաղաք է ժամանում Ազգային գվարդիան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է հետեւել, որպեսզի գվարդիականների գործողությունների արդյունքում վերականգնվի Ֆերգյուսոնի անդորրը, այլ ոչ թե բռնության նոր ալիք բարձրանա:
Արդեն հաղորդվել էր, որ օգոստոսի 18-ի գիշերը բողոքողներին ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ եւ խլացուցիչ նռնակներ են գործածել:
Հիշեցնենք, օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում ոստիկան Դարեն Ուիլսոնը սպանել էր 18-ամյա սեւամորթ պատանի Մայքլ Բրաունին: Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու է ոստիկանը զենքի դիմել, սակայն պարզ է, որ Բրաունն օրինապահ քաղաքացի չէր: Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել, որում Բրաունը գողություն է կատարում խանութից եւ կոպիտ վարվում աշխատակիցների հետ, որոնք փորձում են կանգնեցնել գողին: Ըստ փորձաքննության վերջին տվյալների` անզեն դեռահասը ստացել է հրազենային վեց վնասվածք` դեմքով կանգնած լինելով դեպի ոստիկանը: Այդ կրակոցներից երկուսը, որոնք դիպել են գլխին, մահացու են եղել:





























