Ամբողջ աշխարհի ուշադրությունը ներկայումս սեւեռված է Սինջար քաղաքին, որտեղ 21-րդ դարի սկզբին իրականացվում է եզդի ժողովրդի ցեղասպանություն միայն նրա համար, որ եզդիները արեւապաշտ են: Այս մասին օգոստոսի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է  եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը:

Նրա համոզմամբ՝ եզդի ժողովուրդը մի քանի անձանց քաղաքական եւ տարածքային շահերի զոհ է դարձել: «Դա կազմակերպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին», կարծում է Բրո Հասանյանը:

Նա հավելել է, որ եզդի ժողովուրդը հուսով էր, թե իրենց հոգեւոր բարձր առաջնորդները պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկեին: «Սակայն եզդիների հոգեւոր առաջնորդը լքեց իր ժողովրդին՝ ամենածանր պահին: Ինչպե՞ս կարելի է ժողովրդին ոչնչացնել միայն նրա հավատքի համար: Իհարկե, համաշխարհային պատմության մեջ նման դեպքեր եղել են. ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ միայն նրա համար, որ քրիստոնյա էր, ցեղասպանություն հրեա ժողովրդի նկատմամբ ֆաշիզմի ժամանակ, եւ այժմ եզդի ժողովուրդը նույնպես դարձել է նույնպիսի մարդասպանների զոհ», - ընդգծել է Բրո Հասանյանը: