Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժումը նախազգուշացրել է ավիաընկերություններին Իսրայելի երկնքում  թռիչքների վտանգավորության մասին: Հայտարարությունը, որ  օգոստոսի 21-ին ժ. 06:00-ից սկսած Բեն-Հուրիոն միջազգային օդանավակայանի օդային տարածքն անվտանգ չի լինի, արել են իսլամիստների  «Իզեդին Քասամի ջոկատ» ռազմական թեւի ներկայացուցիչները, հայտնում է BBC-ն:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն  հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունը կշարունակվի: Ըստ Նեթանյահուի` ՀԱՄԱՍ-ն ունի նույն «աղբյուրները», որը եւ «Իսլամական պետությունը», որի գրոհայինները պայքարում են Սիրիայում եւ Իրաքում: 

Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին չի հաջողվել պայմանավորվել մշտական հրադադարի մասին: Վերջին օրերին Կահիրեում Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ ընթացող բանակցություններն անարդյունք են ավարտվել: 

Չնայած հրադադարը եւս 24 ժամով երկարացնելուն, որի մասին հայտարարվել էր օգոստոսի 18-ի երեկոյան, պաղեստինցիները եւ իսրայելցիները վերսկսել են ռազմական գործողությունները միմյանց դեմ: