Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները ընտրված 12-րդ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր են ստացել: Արարողությունը կկայանա օգոստոսի

28-ին, ժամը 14.00-ին, ասված է  Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հաղորդագրությունում:

Օգոստոսի 10-ին տեղի են ունեցել Թուրքիայի պատմության մեջ նախագահի առաջին ուղիղ ընտրություններ, որոնցում հաղթել է երկրի գործող վարչապետ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով  52% ձայն:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը պատգամավորներին նամակ է ուղարկել, որում հայտարարել է արտահերթ նիստ գումարելու մասին՝ նոր նախագահի պաշտոնավարմանն անցնելու հանդիսավոր արարողության կապակցոությամբ:

Կանոնադրության համաձայն՝ Էրդողանը սեւ  կոստյում է հագնելու:  Երկրի նոր նախագահի երդմանը հրավիրվածները հետեւելու են կանգնած: Դրանից հետո կհնչի Թուրքիայի պետական հիմնը:  Արարողության ավարտից հետո Թայիփ Էրդողանը կմեկնի Աթաթուրքի դամբարան, իսկ հետո նախագահի նստավայր՝ Անկարայի Չանքայ թաղամասում, որտեղ լիազորությունները ձեւական հանձնելու համար նրան է սպասելու Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա  Գյուլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը: