«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստին Հովիկ Աբրահամյանի անթաքույց զայրույթն իր ղեկավարած կաբինետի որոշ անդամների համար անհետեւանք չի մնալու: Կառավարության մեր աղբյուրները հայտնեցին, որ վարչապետի զայրույթը պայմանավորված է եղել մի քանի օր առաջ տեղի ունեցած իր եւ գործարարների հանդիպումով, ավելի ճիշտ՝ դրանից հետո որոշ գերատեսչություններում կատարած ուսումնասիրություններով: Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 15-ին Հովիկ Աբրահամյանը երկրորդ հանդիպումն էր կազմակերպել Հայաստանի գործարարների եւ հատկապես արտահանողների հետ, որպեսզի քննարկեն Ռուսաստանի շուկայի նոր բացված հնարավորությունները եւ մեծացնեն հայրենական արտադրանքի արտահանումը:

 Գործարարները հանդիպման ընթացքում դժգոհել են, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում ու գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել է ուսումնասիրել գերատեսչությունների եւ հատկապես տնտեսական բլոկի աշխատանքը, արդյունքում պարզվել է, որ դրանք իսկապես անգործության են մատնված։

Հովիկ Աբրահամյանն առաջիկայում մտադիր է կադրային փոփոխություններին զարկ տալ՝ փոխնախարարների, վարչության պետերի մակարդակով: Ասացին, որ հիմնական թիրախում մարդիկ են, ովքեր Տ. Սարգսյանի ժամանակ իրենց շատ ինքնավստահ ու պաշտպանված են զգացել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում