Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ օգոստոսի 23-ին, հարցաքննվեց Նոյեմբերի 5-ի գործով վկա երեք ոստիկան՝ Արմեն Բարսեղյանը, Գուրգեն Հարությունյանը եւ Նարեկ Սարգսյանը։ Դատարանը հրապարակեց մյուս հինգ վկաների՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները, քանի որ հնարավոր չէր ապահովել նրանց ներկայությունը։

Ոստիկան Արմեն Բարսեղյանը դատարանին հայտնեց, որ չի տեսել, որ երթի մասնակիցները հարվածեն համազգեստով ոստիկանների։

«Աչքս ընկել ա, որ գետնին ընկած քաղաքացիական հագուստով ոստիկանների հարվածում են, վայեննի համազգեստով անձնավորություն էր հարվածում (խմբ. նկատի ունի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանին)։Ոստիկանական հագուստով ոստիկանների չեմ տեսել, որ հարվածեն»,-  ասաց Արմեն Բարսեղյանը։

Ոստիկանը նաեւ ասաց, որ չի լսել, որ երթի մասնակիցները հայհոյեն։

Ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը հակասություններ նկատեց ոստիկան Գուրգեն Հարությունյանի՝ դատարանին եւ նախաքննական մարմնին տված ցուցմունքների միջեւ։

Արա Զաքարյանի հարցին, թե ինչու է բերման ենթարկել քաղաքացի Աշոտ Տերտերյանին, Գուրգեն Հարությունյանն ասաց. «Խոչընդոտում էր ոստիկանության ծառայողի աշխատանքը, հարվածներ չէր հասցնում»։

Արա Զաքարյանը հարցրեց, թե ինչու է նախաքննական մարմին տված ցուցմունքում գրել, որ բերման է ենթարկել քաղաքացի Տերտերյանին, քանի որ նա ոստիկաններին քաշքշում եւ հարվածում էր, եւ արդյոք դա գրել է ինչ-որ մեկի թելադրանքով։

Ոստիկանը, որը հարցերին պատասխանում էր շատ ցածր ձայնով, գրեթե անլսելի, ասաց, որ ինչ-որ մեկի թելադրանքով չի գրել ցուցմունքը, Տերտերյանն իրականում քաշքշել է իրեն։

Ոստիկան Նարեկ Սարգսյանն էլ դատարանին հայտնեց, որ բերման է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Վրեժ Զատիկյանին, քանի որ «նա գոռգոռում էր»։

Դատախազ Գեւորգ Գեւորգյանի միջնորդությամբ հրապարակվեցին  դատարան չներկայացած վկաներ Հմայակ Պետրոսյանի, Գնել Հովհաննիսյանի, Սարգիս Հովակիմյանի, Նարեկ Սահակյանի,Գագիկ Կեսոյանի նախաքննական ցուցմունքները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստի սկզբին, երբ ներս բերեցին ամբաստանյալներին, Շանթ Հարությունյանը մինչեւ դատավորի՝ նիստերի դահլիճ մտնելը գրկել եւ համբուրում էր որդուն։

Դատակա նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: