Վերին Լարսի ժամանակավոր փակումը չպետք է գների աճի հերթական հարմար առիթը հանդիսանա: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողներին հայտնել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Վերին Լարսը Ռուսաստանից Հայաստան ապրանքների փոխադրման միակ ուղին է: Իհարկե, կան նաեւ Ծովային փոխադրումներ Սեւ ծովով, սակայն պատրաստի սննդամթերքը Հայաստան այնքան մեծ ծավալով չեն բերում, որ դրանցով մի ամբողջ նավ բեռնվեր: Դրանք, որպես կանոն, բեռնատարներով են բերում: Այդ պատճառով իհարկե որոշ ապրանքներ կարող են չբավականացնել կամ դրանք պետք է շրջանցող երթուղով՝ Իրանով տեղափոխել, ինչն ավելի թանկ կնստի: Բայց առեւտրականներին քաջ հայտնի է, որ Վերին Լարսում ժամանակ առ ժամանակ արտակարգ իրավիճակ է ստեղծվում: Նշանակում է՝ պետք է ապահովագրվել եւ պահեստներում սովորականից շատ ապրանք ունենալ: Առավել եւս որ Լարսը առավելագույնը մեկ-երկու շաբաթով է փակվում», - նշել է Պողոսյանը:





























