ԱՄՆ-ում Մինեապոլիս քաղաքի դաշնային դատարանը Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամի նախկին աշխատակից Ջոն Ուոթերսին դատապարտել է 9 տարվա ազատազրկման բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանից 4,2 մլն դոլար հափշտակելու համար: Այդ մասին գրում է «The Armenian Reporter»-ը:

Դաշնային դատավոր Էն Մոնթգոմերին նման վճիռ է կայացրել, թեեւ դատախազը 10 տարի էր պահանջում, իսկ փաստաբանները՝ 3 տարի: Մարտին երդվյալ ատենակալներն Ուոթերսին մեղավոր էին ճանաչել փոստի եւ հաղորդակցության էլեկտրոնային միջոցների կիրառմամբ ավազակության 25 դեպքում, ինչպես նաեւ հարկերից խուսափելու մեջ: Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆեսճյան Բարադարանը, հանդես գալով դատարանում, նշել է, որ իր գործողություններով Ուոթերսը վնաս է հասցրել «ժողովդրին, որին պետք է օգներ հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության ժողովդրին»:

Ուոթերստ սկսել է աշխատել Գաֆեսճյանի մոտ, երբ վերջինս 1990-ական թվականներին Մինեսոթա նահանգի Սենթ-Փոլ քաղաքիում «West Publishing» ընկերության գործադիր փոխնախագահն էր: Այն բանից հետո, երբ ընկերությունը վաճառեցին եւ Գաֆեսճյանն անցավ թոշակի, Ուոթերսը սկսեց աշխատել նրա հիմնադրամում: Ֆինանսական խախտումները հայտնաբերեցին հիմնադրամի աշխատակիցներն այն բանից հետո, երբ Ուոթերսը 2009թ.-ին լքեց կազմակերպությունը: Հետագա հետաքննությունը դրամական չարտոնագրված փոխանցումների բազոմ դեպքեր հայտնաբերեց մասնավոր հաշվեհամարների, որոնք վերահսկում էր Ութերսը:

Նշենք, որ գործարար ու բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանը միլիոնավոր դոլարներ է ներդրել արվեստի ու զարգացման ոլորտի տարբեր նախագծերում Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Նրա նշանավոր նախագիծը Գաֆեսճյանի արվեստների կենտրոնն է, որը Երեւանում գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Ջերարդ Գաֆեսճյանը վախճանվել է անցյալ տարվա սեպտեմբերին 88 տարեկան հասակում: Նրա կինը՝ Քելոն, ում հետ 66 տարի ապրել է, վախճանվել էր 6 ամիս առաջ 87 տարեկան հասակում: