Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ մարտական դիրքում, մահացած զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է, առ այսօր որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմանի հորեղբայրը՝ Արագած Ղուկասյանը:

«Արմանի ծնողները գնացել, հասել են Ստեփանակերտ, որտեղ էլ քննիչն ասել է՝ անփութության հետեւանքով է եղել, ոչ մեկին մենք չենք դատելու, դուք էլ բողոք ունեք, դիմեք վերադասին: Փաստորեն, էսօր կարելի է զինվորի սպանել ու հետո էլ ասել՝ անփութություն է: Ախր չի կարող նման բան լինել, որ մարդ սպանեն ու ազատ ման գան, չդատվեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ընտանիքը չգիտի ինչ անել, առավել եւս որ ծառայակից ընկերներն ու դեպքի օրը վիրավորված սպան էլ հստակ ոչինչ չեն հայտնում. «Հարցնում ես, ասում են՝ կարող ա խաղ են արել, կարող ա էս են արել, էն են արել: Ես մի հարց ունեմ՝ ո՞նց ա գնդակը կպել Արմանին, ու ոչ մեկը դրան չի պատասխանում»:

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ`  3-8 տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ ժամկետային զինծառայող էր մահացել, մեկ սպա էլ՝ վիրավորվել: Սպան՝ 26-ամյա Վարազդան Զաքարյանը, տեղափոխվել էր Ստեփանակերտի հոսպիտալ: Նա Արագածոտնի Սուսեր գյուղի բնակիչ է: Մահացած զինծառայողը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, որը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր: