Համաձայն միջազգային հումանիտար իրավունքի՝  աճյունները պետք է փոխանցել առանց որեւիցե նախապայմանների , նույնիսկ եթե հակառակ կողմը դա չի անում:

Սա այն բոլոր երկրների պարտավորությունն է, որոնք  ստորագրել են Ժնեւի կոնվենցիան: Այս մասի NEWS.am-ի թղթակցին ասել է ԿԽՄԿ  հայկական ներկայացուցչության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ մեկնաբանելով Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակեցվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովի խոսքերը այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի պաշտպանական գերատեսչությանն առաջարկել է 5 հոգանոց հայկական ընտանիքը եւ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանակել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի եւ Հասան Հասանովի մարմինների հետ:

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն չի մասնակցում աճյունների կամ պատանդների փոխանակմանը վերաբերող որեւէ բանակցությունների, ինչպես նաեւ երբեք ներգրավված չէ այնպիսի գործընթացներում, որոնք նախատեսում են  մի կողմից մյուսին առաջարկության փոխանցում: «Այսինքն՝ ԿԽՄԿ-ի, ինչպես նաեւ միջազգային հումանիտար օրենքի հիմնական գործառույթը անկախ միջնորդի դերում գործելն է՝ անխոս վերադարձի կամ հայրենադարձության գործողություններին աջակցելու նպատակով, այլ ոչ թե որեւէ առաջարկության փոխանակումը կամ  տեղ հասցնելը: Ինչ վերաբերում է ներկալված անձանց, ապա ԿԽՄԿ-ն պատրաստ է հայրենադարձությունն իրականացնել որպես կողմերի միջեւ անկախ միջնորդ», - նշել է Զառա Ամատունին: Մնացորդների կամ պատանդ քաղաքացիների փոխանակումը, հավելել է նա, արգելված է  միջազգային հումանիտար օրենքով, եւ ԿԽՄԿ-ն չի մասնակցում նման գործընթացների: «Մենք կողմերին մշտապես հիշեցնում ենք, որ ընդունելի է  աճյունների կամ պատանդների անառարկելի հայրենադարձումը, այլ ոչ թե նրանց փոխանակումը», - ընդգծել է ԿԽՄԿ-ի հայկական ներկայացուցչության ծրագրերի ղեկավարը:

Հիշեցնենք, Ալի Հասանովի վերոնշյալ խոսքերը մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը  գրել էր. «Դեռեւս Բաքվի շուկայում չենք գտնվում եւ առեւտրով չենք զբաղվում: Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները եւ նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է», - գրել էր Հովհաննիսյանը: