Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է արագության գերազանցման տուգանքների բողոքների ֆիլտրումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Վարչական իրավախախտումների օրենսդրությունում առկա փոփոխությունների համաձայն, որոնք օրենքի ուժ են ստացել հուլիսի 26-ին, էապես վերանայվել են արագության գերազանցման համար տուգանքները: Հետին թվով օրենքը տարածվում է այն իրավախախտումների վրա, որոնք թույլ են տրվել մինչեւ հուլիսի 26-ը, եթե տուգանքը գրել են հետո: «Իսկ ոստիկանությունը հին տուգանքներն է կիրառում: Նրան իրենց հաշվարկ ունեն. եթե, օրինակ, տուգանել են 10 հազար մարդու՝ հազարը բողոք կներկայացնի: Առաջին հայտարարությունը «ֆիլտրում են», իսկ երկրորդը ներկայացնում են առավելագույնը հարյուրը: Նրանց հարցերը կլուծեն ու գործը կփակեն»,- հավելեց Հովհաննիսյանը:
Հիշեցենքն, որ նոր փոփոխությունների համաձայն, էապես նվազեցվել են փոքր խախտումների համար նախատեսված տուգանքները: 1-10 կմ/ժ-ով արագության գերազանցումը տուգանվում է 1000 դրամով ամեն ավելի կմ/ժ դիմաց, 11-30 կմ/ժ դեպքում՝ 1,5 հազար դրամով:
Մյուս կողմից, 51-80 եւ 80-ից ավելի կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքն ավելացել է՝ մինչեւ 200 եւ 500 հազար դրամ համապատասխանաբար:



























