Աբխազիայում այսօր՝ օգոստոսի 24-ին, նախագահական ընտրություններ են: Ժամը 08:00-ին 33 շրջաններում բացվել են բոլոր 154 ընտրատեղամասերը: 3 ընտրատեղամաս է գործում նաեւ Մոսկվայում, Չերքեսկում եւ Ստամբուլում: Այս մասին գրում է «Ասպնիպրեսը»:

Իրենց թեկնածությունն են առաջադրել 4 գործիչներ՝ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան եւ Ռաուլ Հաջիմբան:

Թեկնածուներից առաջինը քվեարկել է Ռաուլ Հաջիմբան՝ Սուխումի 14-րդ միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Նա վստահություն է հայտնել, որ քվեարկության արդյունքները կլինեն այնպիսին, ինչպես ժողովուրդն է կամենում: «Ընտրություններից մենք հաղթանակ են ակնկալում»,- լրագրողներին է հայտնել Հաջիմբան:

«Աշխատելու եմ ամբողջ նվիրումով, որպեսզի երկրում կարգուկանոն լինի, իշխանության այլ համակարգ, հասարակական այլ հարաբերություններ»,- նշել է նա՝ պատասխանելով հաղթանակի դեպքում ծրագրերի մասին:

Սպասվում է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարեն օգոստոսի 25-ին:

Հիշեցնենք, որ Աբխազիայում իշխանափոխությունը տեղի է ունեցել 2014թ. մայիսին, հակակառավարական հանրահավաքից հետո, որը վերաճել է անկարգությունների: Դրանից հետո ընդդիմությունը հայտարարել էր, որ իր վրա է վերցնում հանրապետության ժամանակավոր կառավարումը: