Ուկրաինան Կիեւի կենտրոնում ռազմական շքերթով նշում է անկախության 23-րդ տարեդարձը՝ երկրի հարավ-արեւելքում շարունակվող բախումների ֆոնին:
Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 1.500 զինծառայող եւ կուրսանտ: Շքերթին հնարավոր կլինի տեսնել զինվորական տեխնիկայի 49 օրինակ, որով զինված է ուկրաինական բանակը: Կազմակերպիչների տվյալներով՝ շքերթից անմիջապես հետո ամբողջ ռազմական տեխնիկան, այդ թվում՝ զինծառայողների մի մասը, կուղեւորվեն արեւելք՝ հատուկ գործողության գոտի:
Արդեն մի քանի ամիս երկրի հարավ-արեւելքում շարունակվող հակամարտության հետեւանքով ավելի քան 2.000 մարդ է զոհվել, 330 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: Պաշտոնական Կիեւի քննադատները հայտարարում են, որ նման պայմաններում շքերթ անցկացնելը տեղին չէր:
Ուկրաինական իշխանություններն ի պատասխան հայտարարում են, որ Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթն առաջին հերթին պատվում է զինծառայողնրին, այդ թվում՝ նրանց, ովքեր երկրի արեւելքում մասնակցում են մարտական գործողություններին, այլ ոչ թե «հաղթանակի շքերթին»: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























