Պեկինը Վաշինգոնից պահանջել է դադարեցնել Չինաստանի տարածքի վերահսկողությունը եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել երկկողմանի ռազմական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդում էին, որ ԱՄՆ-ն Չինաստանին բողոքի նոտա է հղել կործանիչի պատճառով, որն ամերիկյան ՌԾՈւ «Boeing P-8 Poseidon» օդանավին մոտեցել է վտանգավոր հեռավորության վրա, հետո «տակառ» հնարքն է կատարել: Ըստ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, չինացի օդաչուի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին, իսկ հնարքը «շատ մոտ էր ու շատ վտանգավոր»:

Ի պատասխան՝ ՉԺՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Յույցզյունը հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռը թռել է չինական Հայնան կղզուց շուրջ 22 կմ հեռավորությամբ եւ վերահսկողություն իրականացրել: Դրա համար էլ չինական կործանիչը թռել է այդ ուղղությամբ, որպեսզի արձանագրի օդանավի պատկանելությունը:

ՉԺՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Պեկինի հասցեին հնչած մեղադրանքները «բացառապես անհիմն են», քանի որ չինացի օդաչուն «մասնագիտական հմտություն է դրսեւորել եւ անվտանգ հեռավորություն պահպանել ԱՄՆ-ին պատկանող ինքնաթիռից»:

«Վթարի պատճառը Չինաստանի տարածքում ԱՄՆ-ի կողմից զանգվածային եւ լայնամասշտաբ վերահսկողությունն է, որը վտանգում է երկու կողմերի օդային եւ ծովային անվտանգությունը»,- Յան Յույցզյունի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: