ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հարյուրավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ Ֆերգյուսոնում տեղի ունեցող իրադարձությունների, որտեղ ոստիկանությունը գնդակահարել է անզեն սեւամորթ պատանու: Ակցիայի մասնակիցները պահանջել են ձերբակալել սպային, ոստիկանության աշխատանքն ավելի թափանցիկ  դարձնել եւ վերջ տալ այն բանակային սպառազինություններով զինելուն:

Ցուցարարները երեկոյան հավաքվել են Մաունթ Վերնոնի հրապարակում եւ մեկ ժամ տեւողությամբ հանրահավաքից հետո երթով շարժվել դեպի քաղաքի կենտրոն: Նրանք «Միասնական ենք Ֆերգյուսոնի բնակիչների հետ», «Դադարեցրեք ռասիստական ոստիկանական ահաբեկչությունը», «Արդարություն Մայքլ Բրաունի համար», «Պաշտպանեք ու ծառայեք, այլ ոչ թե կրակեք եւ սպանեք», «Այս երկրում ոստիկանությունը չպետք է յուրաքանչյուր 28 ժամը մեկ սեւամորթ սպանի», «Ոստիկանության ռազմականացումը երաշխավորում է դրա բռնատիրությունը», «Լավ գիշեր հեղափոխության համար» եւ այլ կարգախոսներով պաստառներ են ունեցել:

Երթի ընթացքում մի շարք փողոցներում երթեւեկությունը փակվել է, խցանումներում կանգնած մեքենաներից շատերը պաշտպանել են ցուցարարներին եւ ի նշան միասնականության՝ ազդանշաններ արձակել: Գագաթնակետը Դիմանկարների ազգային պատկերասրահի մոտ տեղի ունեցած հանրահավաքն է եղել:

Բողոքի ցույցն ավարտվել է առանց միջադեպերի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, որոշ մասնակիցներ էլ երեխաների հետ են եղել: