Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասում: Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, գյուղի 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ բողոքելով, որ մեղավորը կառավարությունն ու Կոտայքի մարզպետարանն են:
Ճանապարհը փակած գյուղացիները կայքին տեղեկացրել են, որ «տեւական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետեւանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը»:
«Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը: Կառավարությունը մեզ ամպագոռգոռ հայտարարում է, թե արտագաղթը վերացնելու քայլեր է ձեռնարկում, ի՞նչ արտագաղթի վերացման մասին է խոսքը, երբ նշված ընկերության աշխատանքների հետեւանքով Նուռնուսն ու Բյուրեղավանը դատարկվում են: Հիմա եթե հարցը չլուծվի, բոլոր բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, երկուշաբթի «գրոհելու ենք» կառավարության շենքը: Թող կառավարությունը հարցին լուծում տա»,- հայտարարել են բնակիչները:
Նրանք երթով շարժվել են դեպի նշված գործարանը՝ տնօրինության հետ հանդիպելու համար: Թեպետ օրեր առաջ նման հանդիպում նշված ընկերության տնօրենի հետ եղել է: Վերջինը ներկայացել է որպես Արեգ եւ ասել, թե սեփականատերն ինքն է եւ ինչ ուզի, ոնց կուզի, այնպես էլ կանի ու կաշխատի:





























