Բրիտանական «MI5» եւ «MI6» հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանի անձը: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «The Sunday Times»-ին:

Խոսքը բրիտանական ծագմամբ ահաբեկիչ, 23-ամյա Աբդել-Մաջիդ Աբդել Բարիի մասին է: Մեկ տարի առաջ նա հեռացել էր Լոնդոնի արեւմուտքում գտնվող 1 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ ընտանեկան շքեղ առանձնատնից:

«Իսլամական պետության» գրոհայինների շրջանում նա հայտնի է «Ջիհադի Ջոն» մականվամբ: Լրագրողին պատժած տղամարդը տեսագրության մեջ իրեն անվանում է Ջոն: Վերջերս Բարին «Twitter»-ում հրապարակել էր սեփական լուսանկարը, որում կտրած գլուխ էր պահում:

Նշվում է, որ Աբդել-Մաջիդը Լոնդոնում հիփ-հոփ ու ռեփ երգիչ էր:

Ավելի վաղ Լոնդոնը հատուկ հետաքննություն էին սկսել՝ ամերիկացի լրագրողի մարդասպանի բրիտանական առոգանության պատճառով: Օգոստոսի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որի գրոհայինները գործում են Իրաքում եւ Սիրիայում, ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանության տեսագրությունն էր հրապարակել, ում առեւանգել էին Սիրիայում 2012թ. նոյեմբերին: