Ֆրանսիան Ռուսաստանի նկատմամբ հաստատուն դիրք է զբաղեցնում Արեւելյան Ուկրաինայի խնդրում, սակայն միշտ բաց է երկխոսության համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` Le Figaro թերթի հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Ռուսաստանին, ապա մեր դիրքորշումը նույնն է. ամրություն եւ երկխոսություն», - հայտարարել է Ֆաբիուսը, հավելելով, որ «առողջ բանականությամբ ոչ ոք չի կարող առաջարկել պատերազմել Ռուսաստանի դեմ` մոռանալով պատմության եւ աշխարհագրության մասին»: Ըստ Լորան Ֆաբիուսի` Ուկրաինան «պետք է հնարավորություն ունենա լավ հարաբերությունների մեջ լինել հարեւան Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ, որը նույնպես իր հարեւանն է»:

«Հեշտ չի լինի դրան հասնելը», - ասել է Ֆաբիուսը, նշելով, որ ներկայումս հայրենասիրական զեղումներ են նկատվում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Ուկրաինայում: Միաժամանակ պաշտոնական Փարիզը մտադիր է «նպաստել հիմնախնդրի կարգավորմանը եւ իրավիճակի լարվածության թոթափմանը»`Կիեւի եւ Մոսկվայի միջեւ, նշել է Ֆաբիուսը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հանդես էր եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ: