Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերի 4-5-ի գագաթաժողովն այսպես թե այնպես կվերաբերի Ռուսաստանին, սակայն դրա ներկայացուցիչներին այս անգամ նիստին չեն հրավիրել, գրում է «Կոմերսանտը»: Գագաթաժողովի առաջին օրը նշանակված է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը` նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ:
Դաշինքի գլխավոր գրասենյակի աղբյուրները թերթին պարզաբանել են, որ Ուելսի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցությունը «աննպատակահարմար» է ճանաչվել: Մինչդեռ, ըստ թերթի ռուսական դիվանագիտական շրջանակների զրուցակցի, «ներկայիս պայմաններում Մոսկվայում հրավերի չեն էլ սպասել»:
ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հինգ գլխավոր թեմաների ցուցակը հրապարակվել է անցյալ շաբաթ: Առաջին, խոսվելու է «հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու հարցում դաշինքի պատրաստակամության մասին»: Երկրորդ, գագաթաժողովը պետք է «ներկայացնի տրանսատլանտյան վճռականությունը եւ ընդգծի պաշտպանության վրա համապատասխան ծախսերի կարեւորությունը»: Երրորդ, Ուելսում ծրագրվում է քննարկել «ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ Ուկրաինայի հետ կապերի ամրապնդումը»: Օրակարգի չորրորդ կետը. «ՆԱՏՕ-ի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումըեւ բաց դռների քաղաքականության շարունակումը»: Եվ, վերջապես, հինգերորդը. «Աֆղանստանը եւ 2014 թ. վերջին միջազգային աջակցության անվտանգության ուժերի գործողության ավարտը»:





























