Ոչ իշխանական քաղաքական ուժերի քառյակի (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն») կողմից առաջարկված 12 կետերում կան պահանջներ, որոնց շուրջ իշխանությունը չի կարող զիջումների գնալ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամաոր Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ անընդունել է, երբ խոսում են վերջնագրի լեզվով: «Այսինքն վերջնագրի տեսքով բանակցություններ վարելը անհնար է», - ընդգծեց Մկրտիչ Մինասյանը: Ի պատասխան «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հայ ազգային կոնգրեսի» միջեւ որոշակի տարաձայնությունների մասին հարցին՝ պատգամավորը հայտարարեց. «Մենք հստակ գիտենք, որ քաղաքական ուժերը բավականին տարբեր քաղաքական մոտեցումներ ունեն, ուստի նորմալ է, որ նշված ուժերի մեջ կարող են լինել նաեւ տարաձայնություններ»:
Անդրադաձնալով խոսակցություններին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ վերադառնալ իշխող կոալիցիա՝ Մկրտչյանը նկատեց, որ այդ մասին տեղեկացված չէ: «Սակայն մենք միշտ ասել ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով մեզ հետ համագործակցել ցանկացողների առաջ մեր դռները բաց են»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Այն, որ իշխանության եւ ընդդիմադիր ուժերի մեջ տարաձայնություններ կան, նույնպես բնական է: «Սակայն անընդոււնելի է, որ ընդդիմությունը առաջարկություններ ներկայացնելու փոխարեն, թշնամական դիրքեր է զբաղեցնում», - նշեց պատգամավորը: Մինասյանի խոսքով՝ աշնանը որոշակի քաղաքական ակտիվություն կնկատվի, սակայն ներքաղաքական դաշտը, այդքան թեժ չի լինի :
Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ մինչեւ սեպտեմբերի ավարտը ժամանակ տվել իշխանություններին՝ պահանջները կատարելու համար:
Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Նշված ժամանակը լրանալուց հետո նշված ուժերը նախատեսում են համահանրապետական համատեղ ցույց անցկացնել:




























