Վրաստանը Ռուսաստանին միացնող Դարյալի կիրճում Ռազմավիրական ճանապարհի կուտակումները ամբողջապես մաքրվել են, մասնագետները անցել են վերականգնողական աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է «Վրաստանի նորությունները»՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությանը:

Անցած շաբաթ Դարյալի կիրճում առաջացած սողանքը արգելափակել էր Ռազմավիրական ճանապարհի երթեւեկությունը, աղետից տուժել էր նաեւ վրաց-ռուսական սահմանին Կազբեգ-Վերին Լարս մաքսային-անցագրային կետը:

«Ճանապարհի մաքրման 24 ժամյա աշխատանքների արդյունքում, մայրուղին լիովին մաքրված է եւ այս փուլում իրականացվում են վերականգնողական ու ափապաշտպանական աշխատանքներ», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության տվյալներով՝ հատկապես վնասված է ճանապարհի երկու կիլոմետր ձգվող մասը, որի վերականգնման համար հատուկ տեխնիկայի անհրաժեշտություն է ծագել: 

«Զուգահեռաբար Թերեքը իր բնական հունը վերադարձնելու եւ Լարսի անցակետի մաքրման աշխատանքներ են իրականացվում», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Անցած շաբաթ մասնագետները հայտարարել էին, որ վերականգնողական աշխատանքների համար առնվազն 2 շաբաթ կպահանջվի: