1995թ.  պարսկահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի գործով նոր երեւան եկած հանգամանքով գլխավոր դատախազությունում վերանայման  վարույթ կհարուցվի: Սողոմոն Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` օգոստոսի 25-ին, բավարարել է իր` նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ հայցը:

«Ըստ էության մեր բողոքը բավարարվել է, ինձ համար նման որոշումը անակնկալ էր: Դատավորի որոշմամբ գլխավոր դատախազությունը պարտավոր է վերացնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները: Բայց սա էլ վերջնական չի, վարույթ կհարուցվի, քննությունից կերեւա»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հետաքննություն էր անցկացրել, պարզել, որ մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանը համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն: «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հարցազրույցում դատախազը նշել էր, որ այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գեւորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայաստանում Իրանի դեսպանը: Նա սպառնացել էր հակառակ դեպքում քաղաքական սկանդալ բարձրացնել:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Դատախազությունը մերժել էր վերանայման վարույթ հարուցել: Սողոմոն Քոչարյանի փաստաբան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը դատախազության որոշումը վիճարկել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Նա պահանջել էր վերացնել այդ որոշումը եւ պարտավորեցնել նոր երեւան եկած հանգամանքով հարուցել վերանայման վարույթ: