«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ օրերս հանդիպել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում՝ հանդիպումը եղել է Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկման միակ հարցը եղել է առաջիկա Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն դեմ է, եւ կուսակցության որոշ անդամներ շատ կոշտ են արտահայտվել ՍԴ փոփոխությունների դեմ, մասնավորապես, երկրի կառավարման ձեւի փոփոխության շուրջ:
ԲՀԿ-ականները կարծում են, որ երկրում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե Սահմանադրությամբ, այլ դրանում ամրագրված նորմերի կիրառման, կյանքի կոչելու պատրաստակամության բացակայությամբ, այլ կերպ ասած՝ քաղաքական կամքի բացակայությամբ:

Գագիկ Հարությունյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Գագիկ Հարությունյանը փորձ է արել համոզել Ծառուկյանին՝ փոխել իր մոտեցումը ՍԴ փոփոխությունների վերաբերյալ եւ թույլ տալ, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, երբ դրվի քննարկման, անցնի անաղմուկ մթնոլորտում:

Գագիկ Ծառուկյանը, սակայն, անդրդվելի է եղել: Նա հերթական անգամ պնդել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին եւ պայքարելու է մինչեւ վերջ, որպեսզի դրանք տեղի չունենան, եւ հատկապես երկրի կառավարման ձեւը փոփոխության չենթարկվի: Խիստ գաղտնի այս հանդիպումը հենց այս մթնոլորտում էլ ավարտվել է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում