ԱՄՆ-ն եւ մի շարք եվրոպական երկրներ երկուշաբթի նախազգուշացրել են արաբական երկրներին՝ չմիջամտել Լիբիայի գործերին, հաղորդում է BBC-ը:

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ Եգիպտոսը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները մի շարք ավիահարվածներ են հասցրել Տրիպոլիում զինված իսլամիստական խմբավորումների ուղղությամբ:

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում ասվում է, որ նման գործողությունները միայն կուժեղացնեն երկրի մասնատումը եւ կդժվարացնեն Լիբիայի անցումը ժողովրդավարությանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները, առաջին ավիահարվածները հասցվել են դեռ մեկ շաբաթ առաջ, իսկ հետո ԱՄԷ-ն եւս մեկ անգամ ռմբակոծել է զինյալների դիրքերը: Ենթադրվում է, որ նման կերպ Կահիրեն եւ Աբու-Դաբին փորձել են կանխել իսլամիստների կողմից Տրիպոլիի օդանավակայանի զավթումը, սակայն դա նրանց չի հաջողվել:

2011թ. գնդապետ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո հակառակորդ զինված խմբավորումների  չդադարող հակամարտության պատճառով Լիբիան էլ ավելի խորն է ընկղմվում քաոսի մեջ: