Ազգային ժողովի ոչ իշպանական 4 ուժերն առաջիկայում հնարավոր է նիստ հրավիրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե քառյակի պահանջներից որ մեկն է կառավարությունը կատարել:

«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ քառյակը դրա վերաբերյալ նիստ դեռ չի հրավիրել, չի քննարկել իրավիճակը: Կարծում եմ՝ առաջիկա օրերին նիստ կհրավիրվի, որից հետո արդեն կխոսենք պահանջների կատարման մասին: Այս պահին ձեռնպահ կմնամ»,- ասաց նա:

Նշենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ մինչեւ աշուն ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: