Հանգստյան տնից շուջ մեկ ամիս առաջ 5 հեռուստացույց գողացած անձինք հայտնաբերվել եւ ձերբակալվել են:

Ինչպես նախկինում հայտնել էինք` օգոստոսի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով` սենյակներից գողացել են պլազմային 5 հեռուստացույց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Հրազդանի եւ Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել էին գողությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը` 44-ամյա Հակոբ Մ.-ն էր:

Օգոստոսի 24-ին Հակոբ Մ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում եւ բերման ենթարկվել Հրազդանի բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ոմն Հովոյի եւ Սպոյի հետ միասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը ոստիկանության Հրազդանի եւ Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երեւան քաղաքում հայտնաբերվել եւ Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 41-ամյա Հովհաննես Հ.-ն եւ 24-ամյա Սպարտակ Մ.-ն:

Հակոբ Մ.-ն, Հովհաննես Հ.-ն եւ Սպարտակ Մ.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է: