Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամկետից շուտ դադարեցրել է խորհրդարանի լիազորությունները: Այս առթիվ նա ուղերձով դիմել է ժողովրդին: Նոր խորհրդարանի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 26-ին:
«Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների 80 տոկոսը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ընտրությունները լյուստրացիայի լավագույն միջոցն են: Զտումը պետք է սկսել օրենսդիր մարմնից: Գերագույն ռադայի ներկայիս կազմը մեկուկես տարի Յանուկովիչի հենարանն էր: Եվ հենց այս պատգամավորների մեծամասնությունն էր ընդունում բռնատիրական օրենքներ, որոնք խլեցին Երկնային հարյուրյակի կյանքերը: Սրա համար հարկավոր է պատասխանատվության կրել՝ քրեական եւ քաղաքական: Քիչ չեն այն պատգամավորները, որ նստում են Ռադայում եւ անջատական գրոհայինների կողմնակից են: Անգամ զորահավաք հայտարարելիս կամ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման պահանջի ժամանակ հազիվ 232 ձայն հավաքեցինք», - ասված է Պորոշենկոյի ուղերձում:
«Գաղտնիք չէ՝ հինգերորդ շարասյունն իբրեւ թե տասնյակ ժողովրդական պատգամավորներից է կազմված: Միայն թե նրանք ակնհայտորեն իրենց ընտրած ժողովրդի շահերը չեն պաշտպանում: Ընդհանուր առմամբ, Գերագույն ռադայի կազմը չի համապատասխանում ուկրաինական հասարակության քաղաքական տրամադրվածություններին: Հասարակությունն այնքան արագ փոխվեց, որ պատգամավորները պատմական առաջընթացի հետեւից չեն հասնում», - նշել է նախագահը:
Ըստ նրա՝ խորհրդարանը կաշխատի մինչեւ նոր ընտրությունները: Սեպտեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացում: Ամփոփելով՝ Պորոշենկոն կոչ է արել ակտիվ լինել եւ ավարտին հասցնել հունիսին սկսված նոր իշխանության ձեւավորման գործընթացը:





























