Երեւանի Էրեբունի թաղամասում օգոստոսի 25-ին  40-ամյա կնոջ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: NEWS.am-ի հետ զրույցում նման ենթադրություն արեցին սպանված կնոջ՝ Մելանյայի հարեւանները, որոնց խոսքով՝ ամուսինը՝ Էդվարդը, շատ խանդոտ էր, նրանք վերջերս էին բաժանվել:

«Մտածում ենք, որ խանդից ա, ամուսինը խանդոտ էր: Իրար հետ չէին ապրում  արդեն 20 օր կլիներ,  բաժանված էին, կինը գնացել էր քրոջ տուն: Երեկ ամուսինը կանչել էր կնոջը, որ բաժանման հարցրերով զրուցեն»,- պատմեց հարեւաններից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել:

Հարեւանի խոսքով՝ իրենք վիճաբանության ձայներ չեն լսել, փրկարաներին են ահազանգել, երբ Էդվարդի հայրը  տուն վերադառնալով, տեսել է որ դուռը փակ է, զանգերին եւ թակոցներին արձագանքողչկա:

«Իրանց տանը պապիկ կա, տարիքով մարդ է, միշտ գնում ա, բակում պապիկների հետ նստում, խաղում, բայց միշտ  ժամը 5-ին տուն ա գալիս,  ու իր տղան էլ, եթե տնից դուրս է գալիս, մենակ 5-ից հետո։ Երեկ էլ պապիկը 5 անց 20 էր, եկավ, չկարողացավ դուռը բացի,  բանալին չէր մտնում ներս: Փորձեցինք օգնել, որ դուռը բացի, չստացվեց, ներսից բանալի կար: Տուն էին զանգում,  դուռն էին ծեծում, բացող չկար: Հետո պապիկը աղջիկներին զանգեց, եկան: Աղջիկներից մեկը եկավ, նստեց աստիճանների վրա եւ սկսեց լացել, ասում  էր՝ սիրտս վատ  բան ա գուշակում: Հետո փրկարարներին զանգեցին, դուռը մի կերպ ջարդեցին, ու պարզվեց, որ Մելանը մահացած ա, Էդոն էլ շատ վատ էր, պուլսը թույլ էր, ասում էին՝ շատ արյուն ա կորցրել, կարող ա չապրի: Բայց հետո քննիչներից իմացանք, որ կապրի»,- դեպքի մանրամասները պատմեց հարեւանուհին:

Հարեւանը պատմեց, որ նրանց ընտանիքը 3-4 տարի է ինչ բնակվում էր Էրեբունի թաղամասում, հարեւանների հետ չէին շփվում:

Ամուսիններն ունեն չափահաս երեխաներ՝ մեկ տղա, մեկ աղջիկ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ է հայտանբերվել: Նույն բնակարանից «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1967 թ. ծնված Էդիկ Ա.-ն: Ըստ ոստիկանության՝ ժամը 18.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Էդիկ Ա.-ն ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` 40-ամյա Մելանյայի որովայնին եւ պատճառել մահ, որից հետո ածելիով դաստակները կտրելով` փորձել է ինքնասպանություն գործել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտված ծալովի դանակ եւ ածելի: Էդիկ Ա.-ն գտնվում է անգիտակից վիճակում:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: