Մոսկվայում կալանավորված ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը գնալով վատանում է. բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող հայ բարերարին համապատասխան բուժումը չեն տրամադրում: Այս մասին NEWS.am-ին ասաց բարերարի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը:
«Լեւոն Հայրապետյանի փաստաբաններն այս պահին աշխատում են, որ կարողանան մինչեւ սեպտեմբերի 15-ը նրա խափանման միջոցը փոխեն: Գիտեք, որ մինչեւ այդ օրը քննիչը միջնորդությամբ մտնելու է դատարան, պատրաստվում ենք, որ այդ օրն ամեն ինչ անենք՝ նրան ազատ արձակելու համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Լեւոն Հայրապետյանն այլեւս անկարող է անազատության մեջ մնալ, քանի որ նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցներ նրան չեն հատկացնում. «Լեւոն Հայրապետյանը պրոֆեսիոնալ բուժում չի ստանում, ինքն իրեն է բուժում, ինքն է դեղեր ուզում ու տալիս են, բայց դե չեն տալիս այն, ինչ իրեն իսկապես անհրաժեշտ է: Բացի դրանից՝ նրան բուժման հատուկ կուրսեր են պետք: Փաստաբաններն այս պահին ամեն ինչ անում են, որ գոնե բժշկական հանձնաժողով ստեղծվի՝ առողջական վիճակը ռեալ գնահատելու եւ համապատասխան բուժում նշանակելու համար: Այս պահին մեզ համար ամենակարեւորը նրա առողջական վիճակն է, քանի որ մեղադրանքները շինծու են, ժամանակի ընթացքում դրանք կհերքվեն, իսկ առողջությունն արդեն վերականգնել չի լինի»:
Նշենք, որ ՌԴ ՔԿ-ն հուլիսի 24-ին մեղադրանք էր ներկայացրել Լեւոն Հայրապետյանին՝ ՌԴ ՔՕ 160 (յուրացում կամ վատնում) եւ 174 (ապօրինի եղանակով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:




























