Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ ռազմական դաշինքի աշխատունակության մասին խոսակցություններն անհիմն են, այն կատարելապես անիրական գործընթաց է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր, Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Նրա խոսքով՝ նոր դաշինքի ստեղծման գաղափարը 15 տարի շարունակ շրջանառվել է, միայն թե սկզբում ռազմական դաշինքը առաջարկվել է նաեւ Իրանին:
Հիշեցնենք, որ Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ուժային կառույցների ղեկավարների՝ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի եւ Իրակլի Ալասանիայի հանդիպումը: Այդ հանդիպման համատեքստում լրատվամիջոցները շրջանառել էին ադրբեջանցի փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքն այն մասին, որ եռակողմ հանդիպումը կարելի է մեկնաբանել՝ որպես ՀԱՊԿ-ի նմանակի ստեղծման սկզբնական փուլ:




























