Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին` Ուկրաինայի արեւելքի իրադրության հետ կապված: 
Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ երկու քաղաքական գործիչներն էլ «համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել նախագահ Վլադիմիր Պուտինի վրա` իրավիճակի լարվածությունը թոթափելու համար»:

Քեմերոնն Ուկրաինայի իրավիճակը քննարկել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Երկու առաջնորդն էլ համաձայնել են, որ ճգնաժամի ռազմական լուծում չի կարող լինել, եւ որ նախագահ Պուտինը պետք է լիարժեք բանակցություններ սկսի` քաղաքական լուծում գտնելու համար», - ասվում է հայտարարությունում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է  պարզաբանել Ուկրաինայի տարածքում հայտնվող ռուսական զորքերի վերաբերյալ լուրերը: