Երբ ինչ-որ շուկայում ինչ-որ որմնախորշեր են առաջանում, միշտ լրացվում են. ռուսական շուկայում դրանք կարելի է լրացնել նաեւ հայկական արտադրանքի հաշվին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց  Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի՝ ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից գյուղատնտեսական արտադրանքի Ռուսաստան ներմուծման սահմանափակումների հետեւանքով ռուսական շուկայում հայկական արտադրողների համար լավ հնարավորությունների ստեղծման մասին հարցին:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, հանդիպում ենք Հայաստանի մարզպետներին, գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին՝ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Հայաստանը, թեեւ մեծ պետություն չէ, սակայն, այդուհանդերձ, գյուղատնտեսական ապրանքերի արտահանման ծավալը զգալիորեն ավելացնել հնարավոր է», - նշեց Իվան Վոլինկինը: Ուստի պետք է ուսումնասիրել՝ ռուսական շուկայում ինչպիսի՞ որմնախորշեր են ազատ, ի՞նչ կարելի է լրացուցիչ մատակարարել: «Իսկ մենք մեր կողմից միայն կնպաստենք դրանք», - ընդգծեց ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ից եւ Եվրամիության երկրներից գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան ներկրման սահմանափակումները հայ արտադրողներին լավ հնարավորություններ կընձեռեն հաստատվել ռուսական շուկայում: Աբրահամյանի խոսքով՝ ավելի լայն հնարավորություն կստանան, մասնավորապես, մսի հայ արտադրողների եւ վերամշակող արդյունաբերության ներկայացուցիչների համար: