Ուկրաինան ԵՄ-ին կոչ է անում Եվրախորհրդի արտակարգ նիստ հրավիրել օգոստոսի 30-ին՝ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառման եւ ուկրաինական կողմին Ռուսաստանին դիմակայելու համար ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու  նպատակով:

Այս  մասին ասված է ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեեւի մեկնաբանությունում, հայտնում է Ukrinform-ը:

«Ուկրաինան եւ ԵՄ-ն պետք է դադարեցնեն այս պատերազմը: Մենք կոչ ենք անում օգոստոսի 30-ին Եվրախորհրդի արտակարգ նիստ հրավիրել  Ուկրաինայի հարցով: Բավական է զիջումների գնալ եւ հանգստացնել ագրեսորին: Համերաշխությունը պետք է լինի բացարձակ եւ կասկածից դուրս: Այն պետք է նյութականանա հետագա վճռական եւ շոշափելի պատժամիջոցներով, ինչպես նաեւ Ուկրաինային ռազմական եւ ռազմտեխնիկական օգնություն տրամադրելով՝ ագրեսորին կանգնեցնելու համար», - նշել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպանը:

Ելիսեեւի խոսքով՝ եկել է խոսքը գործով փոխարինելու  ժամանակը:

Դեսպանը հիշեցրել է, որ փետրվարից՝ ՌԴ-ի ագրեսիան սկսելուց ի վեր ԵՄ խորհուրդը Ուկրաինայի վերաբերյալ 11 եզրակացություն է ընդունել, Եվրախորհրդարանն էլ՝ 4 բանաձեւ՝ ՌԴ-ին կոչ անելով հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

 «Սա բավական չէ՞ր հասկանալու համար, որ խոսքերը Կրեմլի համար ոչինչ չեն նշանակում», - հարցրել է Ելիսեեւը եվրոպացի գործընկերներին: