Անցած ընդունելության քննություններում ադրբեջանցի դիմորդները ցույց են տվել ռեկորդային ցածր արդյունքներ,- հաղորդում Zerkalo.az-ը։

Ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, 2009-2010 թթ. քննական մրցույթին մասնակցող ավելի քան 33 հազար դիմորդներից 27 476-ն ընդունվել է նախատեսված 29 030 տեղեր։ Բուհեր ընդունվելու պլանն Ադրբեջանը կատարել է 94,65%-ով։ Ընդունելության քննություններում այս տարվա շրջանավարտների միջին ցուցանիշը չի գերազանցել 180 բալը։

Ըստ Պետական հանձնաժողովի նախագահ Մալեյքա Աբասզադեի, այս տարի Ադրբեջանի բուհեր ընդունվելու էլեկտրոնային դիմումներ է ներկայացրել 2009 թվականի 66 621 շրջանավարտ, նրանց գիտելիքների միջին բալը կազմել է 180 բալ։

0-100 բալ են ստացել 2009 թ. շրջանավարտների 31,5%-ը, իսկ ամենաբարձր արդյունքներ՝ 500-700 բալ, հավաքել է ընդամենը 6,4%-ը։ Գիտելիքների առավել ցածր մակարդակ են ցույց տվել մասնագիտությունների առաջին խմբի դիմորդները։ Այդ խմբի դիմորդը պետք է հավաքեր միջինը մոտ 300 բալ, մինչդեռ առաջին խմբի մասնագիտությունների դիմորդների միջին ցուցանիշը տատանվում է 200-250 բալի սահմանում,- հայտնել է ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի նախագահը։

Ըստ նրա, ադրբեջանական դպրոցների գերազանցիկ շրջանավարտների նույնիսկ 50%-ը ընդունելության քննություններում չի արդարացնում իր ատեստատի թվանշանները։ «Տարեց-տարի մենք նկատում ենք միևնույն միտումը՝ գերազանցիկների կեսը ի վիճակի չէ թեստային քննություններում նույնիսկ 100 բալ ստանալ այն առարկաներից, որոնցից նրանք 5 գնահատական ունեն ատեստատում»,- նշել է Աբասզադեն։

Ինչպես իր հերթին նկատել է Անկախ ուսուցիչների միության նախագահ Մալախաթ Մյուրշուդլին, հենց երկրի միջնակարգ ուսումնական հաստատություններում դասավանդման և ուսուցման ցածր մակարդակն է դարձել Ադրբեջանի բուհերի ընդունելության քննություններում դիմորդների ցույց տված ոչ բարձր արդյունքների պատճառը։

Ըստ նրա, միջնակարգ կրթությունն ի վիճակի չէ լիարժեք դիմորդ պատրաստել, այդ պատճառով էլ բարձր դասարանցիների ավելի քան 70%-ը ստիպված է լրացուցիչ պարապմունքների գնալ կրկնուսույցների մոտ։