Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավար եւ Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն նախագահ Թայիփ Էրդողանին ներկայացրել է հանրապետության նոր՝ 62-րդ կառավարության կազմը: Այս մասին հայտնում է «Ռոսբալտը՝ վկայակոչելով Milliyet-ը:

Վարչապետի տեղակալներ են նշանակվել Բյուլենթ Առընչը, Յալչըն Աքդողանը, Նուման Քուրթուլմուշը եւ Ալի Բաբաջանը:

Դավութօղլուին արտգործնախարարի պաշտոնում կփոխարինի Եվրոպայի գործերով նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: Եվրոպայի գործերով նախարար էլ նշանակվել է Վոլքան Բոզքըրը:

Էներգետիկայի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Թաներ Յըլդըզը, Նիհաթ Զեյբեչքին եւ Մեհմեթ Շիմշեքը պահպանել են պաշտոնները: Առեւտրի եւ սոցիալական քաղաքականության նախարարությունները գլխավորել են Նուրեթին Չանըքլըն եւ Այշեգյուլ Իսլամը:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս պետության ղեկավարը կառավարության կազմը վավերացնելու որոշում կկայացնի:

Եթե Էրդողանը հավանություն տա Դավութօղլուի առաջարկին, ապա վերջինս կստանձնի վարչապետի պաշտոնը: Սակայն կառավարությունը չի կարող միանգամից սկսել աշխատանքը: Ըստ Սահմանադրության՝ վարչապետը աշխատանքային 5 օրվա ընթացքում  պետք է խորհրդարանին ներկայացնի իր կառավարության ծրագիրը, իսկ  սեպտեմբերի 6 –ին մեջլիսը վստահության քվե կտա կառավարությանը:

Նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 28-ին երդում էր տվել խորհրդարանում: Թուրքիայում նախագահական ընտրությունները կայացել էին օգոստոսի 10 –ին, հաղթել էր Էրդողանը: