Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Վարդան Վարդանյանը այսօր՝ օգոստոսի 29-ին, դատական նիստից հետո մեղադրողից պահանջեց խստացնել իր մեղադրանքը:

 «Պարոն դատախազ, իմ խոսքերն ընդունեք որպես միջնորդություն, իմ փաստաբանը հրաժարվում է, ասում՝ է տենց բան չկա, որ դատապաշտանը մեղադրանքը խստացնելու միջնորդություն ներկայացնի: Հելնեմ, ստեղ էլ ոստիկանների հետ կռիվ անե՞մ, որ էդ հոդվածը վրես դնեն»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Նշենք, որ Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, այնինչ ամբաստանյալը ցանկանում է, որ իր մեղադրանքը խստացնեն՝ առաջադրելով իր մի քանի ընկերներին առաջադրված 316  հոդվածի 2-րդ մասով մեղադրանք՝ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

«Իմ պաշտպանյալը ասում է, որ եթե ընկերներիս այդ հոդվածով եք դատում, ապա ինձ էլ այդ հոդվածով դատեք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր ավարտվեց դատաքննության փուլը, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: