Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արգելափակել է ԼՂ-ի դեմ ուղղված ադրբեջանական նախաձեռնությունները ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, օրինակ` Հարավային Դակոտայում, Վայոմինգում, Թենեսիում, Լուիզիանայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Թենեսիում, ըստ նրա, ազդեցիկ հայեր կան, բայց նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: «Ադրբեջանի ղեկավարությունը շատ մեծ գումարներ է հատկացրել Թենեսիի ղեկավարությանը, որպեսզի ԼՂՀ-ի դեմ բանաձեւեր ընդունի: Նահանգում պատրաստ էին դա անել, բայց Հայ դատի հանձնախումբը իր բողոքն արտահայտեց, ինչի արդյունքում իշխանությունները գիտակցեցին, որ նախ իրենք պարտավոր չեն Ադրբեջանի խնդիրներով զբաղվել, երկրորդն էլ նրանք ասել են, որ Իլհամ Ալիեւը բռնապետ է եւ չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ», - նշել է Արամ Համբարյանը:
Ավելին, հավելել է նա, Թենեսիի պետական հեռուստատեսությամբ երկու անգամ հաղորդում է ցուցադրվել, որը պատմում էր հիմնախնդրի մասին, մեծ սկանդալ ծավալվեց: «Եվ այժմ Թենեսիում ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ Ադրբեջանի հետ», - ընդգծել է Արամ Համբարյանը:
Նա հիշեցրել է, որ 1998 թ.-ից իրականացվում է Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի օգնություն տրամադրելու ծրագիրը: Նա ընդգծել է, որ Հայ Դատի ամերիկյան հանձնախումբը Լեռնային Ղարաբաղի իրավունքներն է պաշտպանում, եւ դա շատ կարեւոր հարց է իրենց համար:





























