Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հայտնում են նրա գտնվելու վայրի մասին: «Փաստինֆո»-ին  Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը հայտնել է, որ ներկայումս Հակոբ Ինջիղուլյանը Ռումինիայի փախստականների ճամբարում է: Նախկին գերին ակտիվ շփվում է հարազատների հետ Skype-ով, ճիշտ է, տեսախցիկի բացակայության պատճառով նրան տեսնել չեն կարողանում:

Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, չկողմնորոշվելով տեղանքում, գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ տեղափոխվել Բաքու: Գերության մեջ մեկ տարուց ավելի մնալով` օգոստոսի 26-ին Հակոբ Ինջիղուլյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից երրորդ երկիր էր հանձնվել: Ըստ Բաքվի պնդման` Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրին է հանձնվել իր կամքով:

Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրի մասին պաշտոնական հաստատում չկա, եւ ամենայն հավանականությամբ, չի էլ լինի: Չի բացառվում նաեւ, որ հետագայում Ինջիղուլյանը այլ երկիր կտեղափոխվի: 

Հատկանշական է, որ սա գրեթե աննախադեպ է, երբ հարազատներն են տեղեկացնում, թե որ երկրում է նախկին գերին: Որպես կանոն` նման տեղեկությունը գաղտնի է պահվում: