Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծով ուրվագծվում է Սեւանի հարցը նախագծից դուրս բերելու անմիջական միտումը: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում ասել է «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:
«Սեւանի մասին ընդհանրապես ոչինչ նշված չէ: Նշված է Որոտանի ջրհավաք ավազանը, նշված է Արփայի ջրհավաք ավազանը, Դարբիի ավազանը, բայց ոչ Սեւանի: Երբ այդ ուսումնասիրությունն իրականացրած կազմակերպության ներկայացուցչին հարցրեցինք՝ արդյոք դա նշանակում է, որ Սեւանի վրա չի լինելու ազդեցություն, վերջնական պատասխանը եղավ՝ ոչ, Սեւանի վրա ազդեցություն չի լինելու: Ընդ որում, իրենց պատասխանն այնպիսին էր, որ որոշակիորեն փոփոխվել է հարթակի եւ լցակույտերի տեղադիրքը, բայց խնդիրը միայն հարթակն ու լցակույտերը չեն, այլ ամբողջ նախագիծը՝ սկսած բացահանքի շահագործման փուլից, վերջացրած լցակույտերով եւ տարրալվացման հարթակով», - նշել է Ա. Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ սա ենթակա է իրենց մասնագետների կողմից լրացուցիչ վերագնահատման եւ հիմնավորման, որ իրականում Սեւանի վրա ազդեցություն կա, եւ այդ տարածքը Սեւանա լճի ջրհավաք ավազանն է:
Ամուլսարի ծրագրի վերաբերյալ օգոստոսի 25-ին ՀՀ Վայոց ձորի Գնդեվազ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ իրավաբանը բարձրացրել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների հարցը:
«Երբ հարց հնչեցվեց, որ այնտեղ գրանցվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, պատասխանը եղավ այն, որ մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիս ամսին, կառավարությունն ընդունել է ինչ-որ որոշում, որը թույլ է տալիս այդ բուսատեսակները տեղափոխել: Եթե կա այդպիսի որոշում, ապա ինձ համար բացարձակ ակնհայտ է, որ կառավարությունն աշխատում է ոչ միայն հեշտացնել հանքարդյունաբերության ոլորտը օրենսդրական արգելքներից շրջանցելու ուղղությամբ, այլ կոնկրետ այս նախագծի ուղղությամբ, որ կոնկրետ այս նախագծի շրջանակներում առկա խնդիրները աստիճանաբար վերացվեն: Իսկ կենդանական աշխարհի մասին ոչինչ չասվեց», - ասել է Արթուր Գրիգորյանը:
Իրավաբանի բարձրացրած երրորդ հարցը վերաբերում էր հենց Գնդեվազ համայնքին. «Համայնքի բնակիչները մեզ ասել են, որ այստեղ հսկայական փողեր են պատրաստվում տրամադրել՝ գնելով համայնքի բնակիչների հողերն ու այգիները: 5 տարեկանից բարձ մեկ ծառը արժե 300 000 դրամից ավել: Մարդիկ կան հազարից ավելի ծառեր ունեն…այսինքն այդ մարդիկ մոտավորապես մեկ միլիոն դոլար փո՞ղ են ստանալու: Ես չեմ հավատում, որ այս ընկերությունը, կամ որեւէ հանքարդյունաբերական ընկերություն պատրաստ է գյուղացուն վճարել մեկ միլիոն դոլար իր այգու եւ իր հողի դիմաց: Նման բան Հայաստանում չի եղել»,- նշել է Արթուր Գրիգորյանը:
Գնդեվազ համայնքում ամենամեծ այգիներ ունեցող անձը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն է, ով սկզբնական շրջանում դեմ էր Ամուլսարի հանքավայրի շահագործմանը, սակայն այսօր քաղաքապետը բավական լավատեսորեն է տրամադրված:
«Ես առաջիններից մեկն եմ եղել, որ բարձրացել եմ սարը, դեմ եմ եղել այդ նախագծին մինչեւ ուսումնասիրելը եւ մինչեւ հասկանալը՝ ինչ է կատարվում: Մենք հնարավորություն ունենք աշխատանքի ընթացքում էլ դադարեցնել: Ես բազմիցս ասել եմ. ես կլինեմ առաջինը, եթե մի աննշան այս նախագիծը խանգարի իմ համայնքին, ես նորից բարձրանալու եմ սարը, դառնալու եմ գործարանին դեմ», - ասել է Ջերմուկի քաղաքապետը:





























