«Իսլամական պետություն» ծայրահեղական շարժումը Իրաքի հյուսիսում իրականացնում է պարբերական էթնիկ զտումներ, հայտարարում է  Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրավապաշտպանները պնդում են, որ հավաքել են ռազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, այդ թվում` ԻՊ-ի գրոհայինների կողմից էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ իրականացված զանգվածային սպանությունների եւ առեւանգումների վերաբերյալ:

Օրինակ` օգոստոսին Սինջար նահանգում սպանվել են հարյուրավոր, հնարավոր է, հազարավոր եզդիներ: Հալծանքների են ենթարկվում քրիստոնյաները, ինչպես նաեւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները` ԻՊ բանակի հարձակման սպառնալիքի պատճառով, հայտնում է Amnesty International-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը որոշել էր Իրաք ուղարկել արտակարգ առաքելություն, որպեսզի քննեն` արդյոք «Իսլամական պետությունն» իրականացրել է հանցագործություն մարդկության դեմ եւ ռազմական հանցագործություններ: 

ՄԱԿ-ում նշել են, որ  ապացույցներ ունեն «Իսլամական պետության» «աներեւակայելի չափերի» հասնող դաժանությունների վերաբերյալ: